Շինարարության ոլորտը դեռ խելքի չեկած, խնդիրներ են ստեղծվել արտադրության ոլորտում: Ինչի հետևանքով էլ, ըստ ԱՎԾ-ի, այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը նվազել է 4,4 %-ով:
Այլ կերպ ասած, ոչ միայն տարեցտարի, այլև ամսեամիս նկատվում է տնտեսության բացասական դինամիկա: Դրա մասին փաստում են թվերը: Տարեսկզբի չորս ամսում, ըստ նույն ԱՎԾ-ի, տնտեսական ակտիվության աճը կազմել է 7,4 %: Հինգերորդ ամսից նկատվել է ակտիվության նվազում: Թվերը նորից փաստում են, որ հինգերորդ ամսից սկսած տնտեսական ակտիվությունը նվազել է` կազմելով 5,3 %, իսկ վեցերորդ ամսում այն եղել է 4,4 %: Ստացվում է, որ տարին կիսել ենք տնտեսական դաշտում բացասական տեղաշարժով: Եթե գործընթացն այսպես զարգանա, ապա չի բացառվում, որ կառավարության նախատեսած տարեկան տնտեսական աճը կարող է վտանգված լինել:
Փորձագետների հավաստմամբ` առաջիկայում Հայաստանում տնտեսական աճին նպաստող պայմանները վատանալու են: Այս կանխատեսումը պայմանավորված է էներգակիրների թանկացմամբ: Թեև, կարծում ենք, պետք չէ փորձագետ լինել հասկանալու համար, թե ինչ բացասական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա էներգակիրների թանկացումը: Ի դեպ, այն արդեն իր մաշկի վրա զգում է մեր բնակչության մեծ մասը, անգամ սոցիալապես ապահովվածները: Այն, որ բոլոր ապրանքատեսակները թանկացել են, բարձրացել են նաև սպասարկման ոլորտի ծառայությունների գները, արդեն փաստ է: Սկսած հացի գնից վերջացրած տրանսպորտի ուղեվարձով, ամեն ինչի գները բարձրացել են:
Իհարկե, այս երևույթի մասին ՀՀԿ-ական հնաբնակ Գալուստ Սահակյանն իր «հայրական» հորդորում ժողովրդին կասի. «Լուն դավա մի սարքեք: Հունվարից աշխատավարձերը բարձրանալու են»: Իհարկե, կուշտ փորով քննադատելը հեշտ է, բայց այնքան էլ պատվաբեր գործ չէ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ժողովրդին: Գուցե և նման մտածողների համար Հայաստանի տնտեսական ակտիվության նվազումը, գնաճը նկատելի էլ չեն և ոչինչ են: Սակայն չմոռանանք, որ ոչ բոլորն են գծատեր կամ էլ պատգամավոր: Աշխատավարձով ապրող մարդու, իսկ առավել ևս գործազուրկի համար հացի գների 30, տրանսպորտի` 50, կարագի 200 դրամի և մնացած բոլոր ապրանքատեսակների գնի բարձրացումը լուրջ գումարներ է կազմում: Եվ վերջապես, ինչո՞ւ գնաճը պետք է առաջ ընկնի աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումից:
Եթե դիտարկենք ընդհանուր սոցիալ-տնտեսական դաշտը, ապա ակնհայտ է, որ տնտեսական բարեփոխումները նախատեսված ազդեցությունը չունեցան: Հակառակ դեպքում տնտեսության մեջ, թեկուզ փոքր թվերով, բայց տարեցտարի աճ պետք է արձանագրվեր: Եվ եթե մի քանի ամիս առաջ ԱՎԾ-ն հնարավորություն ուներ մանևրելու և թվեր նկարելու, ապա այսօր երևի թե այդ հնարավորությունը չկա՝ էլ տեղ չկա: Եթե ԱՎԾ-ն ներկայացնում է, ապա իրականում պատկերը շատ ավելի լուրջ է:
Ի դեպ, որ դրությունը լուրջ է, փաստում են նաև միջազգային ֆինանսական կառույցները: Եվրաբանկը Հայաստանում առանց էներգակիրների գնի թանկացման ազդեցությունը հաշվի առնելու՝ կանխատեսում է ընդամենը 5 %-ի աճ: Եթե սրան էլ հավելենք էներգակիրների բարձրացումը, ապա կասկածելի է դառնում նաև Եվրաբանկի կանխատեսած 5-տոկոսանոց աճը, քանի որ այն կարող է ավելի ցածր լինել իրականում: Էներգակիրների թանկացման ազդեցությունը մինչև տարեվերջ ինքն իրեն ցույց կտա, թեև արդեն այսօր այն զգալի է, որի մասին վկայում են ոչ միայն թվերը, այլև առկա սոցիալական դժգոհությունը: ԱՎԾ-ի թվերը այս առումով նույնպես անլեզու չեն: Ըստ վերջինիս տվյալի, հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 6,5, 9-ի սահմաններում է եղել պարենային ապրանքների թանկացման տեմպը: Մեկ տարի առաջվա համեմատ աշխատավարձերի բարձրացումը կազմում էր 2,3 %: Թվերը փաստում են, որ գնաճը գրեթե երեք անգամ առաջ է ընկել աշխատավարձերի բարձրացումից:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ